Իրավիճակը սրվել է Երեւանի Խորենացի փողոցում, որտեղ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկներ են ընթանում։ Հավաքվածները ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են լսել (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկաները մի քանի շարքով եւ բեռնատարներով փակել են ճանապարհը, իսկ ցուցարարները պնդում են, թե ներսում՝ ՊՊԾ գնդում ինչ-որ բան է կատարվում։ Քիչ առաջ շտապօգնության երկու մեքենաներ՝ լուսարձակները միացված, դուրս եկան ոստիկանական շղթայից եւ ուղեւորվեցին հիվանդանոց։ Բազմությունը փորձում էր նայել մեքենաների պատուհաններից ներս՝ ինչ-որ բան տեսնելու ցանկությամբ։
Ակտիվիստներից մեկը բարձրախոսով հայտնեց, թե խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ։ Վերջինս հայտնել է, թե իրենք են օդ կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների։ Այնուհետ ակտիվիստները կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ, հեռախոսի բարձրախոսով միացրին։ Ավետիսյանը հայտնեց, թե իրենց վրա որեւէ հարձակում չի եղել։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ իրենք ոչ մի վիրավորի չեն տեղափոխել, պարզապես Սարի թաղից կանչ են ունեցել:
Այժմ ցուցարարների հետ զրուցում է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։ Նա կոչ է անում հանդարտության, փորձում էր հանգստացնել հավաքվածներին։ Նաեւ նշեց, որ որեւէ հարձակում տեղի չի ունեցել, կրակոցներ չեն եղել, այլ հրավառություն էր։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:











