Կիեւում մեքենայի պայթյունից մահացու վնասվածքներ է ստացել մեքենայի ղեկին գտնվող լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը՝ վկայակոչելով Կիեւի ոստիկանությանը։
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 8-ի սահմաններում Իվան Ֆրանկոյի եւ Բոգդան Խմելնիցկու փողոցների խաչմերուկում։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, որոնք պարզում են վկաների եւ ականատեսների ինքնությունը։ Քննիչների նախնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն։ Նախադատական հետաքննություն է ընթանում։ Մեքենան պատկանում էր «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի ղեկավար Ելենա Պրիտուլային, սակայն վերջինս մեքենայում չէր եղել։
Նշենք, որ Շերեմետը վերջին 5 տարում ապրում էր Կիեւում, աշխատում էր «Ուկրաինսկայա պրավդա» թերթում, «Վեստի» ռադիոյում։













