Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Խորենացի փողոցում ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով տուժածների մասին։

Հուլիսի 21-ի, ժամը 0230–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: 

Նրանցից 18-ը (15-ը` ոստիկան) գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Տուժածներից 11-ը` ( 9-ը` ոստիկան) այս կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են, մեկ ոստիկանի վիրահատում են:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 13 տուժածից ոստիկան է 11-ը, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր դիմել է 8 քաղաքացի, որից 7-ն անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ մեկը վիրահատվել է:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնվում է երեք տուժած (2-ը` ոստիկան):

«Երեւան» բժշկական կենտրոնում գտնվող 3 տուժածից մեկը վիրահատվել է:

«Մուրացան» համալսարանական համալիր դիմած 3 քաղաքացիներից մեկը երկու ամսական երեխա է: Բոլորը գազային թունավորման կասկածով: Վիճակները գնահատվում է բավարար, սակայն փոքրիկը մնացել է բժիշկների հսկողության ներքո:

«Նաիրի» բժշկական կենտրոնում եւս ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն է ստացել 3 քաղաքացի: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: