Երեւանի հիվանդանոցներում, այսօր՝ հուլիսի 27-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի եւ հետագա զարգացումների հետեւանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից եւ զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։

Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։

Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Հավաքի մասնակիցներից որեւէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել: