Ոստիկանությունը տեսանյութ է հրապարել, որում հուլիսի 30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկած բժիշկները պատմում են մանրամասներ, թե ինչպես են հայտնվել ՊՊԾ գնում եւ ինչու չեն կարողացել դուրս գալ այնտեղից:
Նրանք պատմել են, որ հուլիսի 30-ին կարողացել են դուրս գալ ՊՊԾ տարածքից, երբ «Սասնա ծռերի» անդամները քնած են եղել, նա նշել է, որ, եթե ուշ ժամ չլիներ եւ «Սասնա ծռերի» անդամները քնած չլինեին, չէին կարողանա դուրս գալ:
«Հուլիսի 27-ին մեզ ավագ բժիշկը զանգեց, ասաց, որ երկու բրիգադ մտնենք ներս, որովհետեւ երկու վիրավոր կա եւ մեր սայլակներով մտնենք ներս, նրանց դուրս բերենք: Գնացինք վիրավորները տեղում չէին, կանչեցին, վիրակապեցինք, հետո կտրականապես հրաժարվեցին դուրս գալ: Դրանից հետո չգիտեմ` ում հետ կապվեցին, ինչ եղավ, մեզ ասացին, որ հեռախոսները տանք իրենց` առողջապահության նախարարը կգա` նոր դուրս կգաք: Ասում էին, որ եթե դուրս գաք տարածքից վտանգավոր ա` կարողա մեր ջահել տղաները բարկանան, չկարանանք պահենք, կամ էլ կարող ա դրսից ձեզ ընդունեն մեզանից մեկի տեղը»,-պատմել է բժիշկներից Նորայր Թեւանյանը:
Նրա խոսքով՝ բուժակ Դավիթը սկզբում աշխույժ էր, հետո առաջին օրվա վերջում խառնվեց իրար, հետո իրենք որոշեցին, որ շատ է խուճապի մատնվում որոշեցին` կարող է անզգույշ բաներ անի, որոշեցին բաց թողնել: «Մյուսը երեկվա վիրավորների հետ դուրս եկավ, երկրորդ վիրավորին հանելուց հետո հետ չեկավ»,-ասաց նա։
Իր հերթին բժշկուհի Մալինան Մարգարյանն էլ նշեց. «Մինչեւ փոխարինողներ չգային, չէինք կարող դուրս գալ: Նրանք անընդհատ շեշտում էին` մինչեւ աչքներովս չտեսնենք, որ փոխարինողը ներս է մտել, մենք ձեզ չենք թողնի: Ասում էին` մենք ձեր դեմ ոչինչ չունենք, թող բժիշկ մտնի ներս, մենք ձեզ բաց ենք թողնում»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարել էին, որ բժիշկները պատանդ չեն եւ կարող են հեռանալ, երբ կգա բժիշկների հաջորդ հերթափոխը։
Հիշեցնենք, որ բուժաշխատողներն արդեն չորրորդ օրը մնում էին ՊՊԾ գնդի ներսում: Ավելի վաղ երկուսը դուրս էին եկել գնդի տարածքից:











