Ավարտվեց երկշաբաթյա զինված դիմակայությունը Երեւանում։ Հուլիսի 31-ին՝ ՊՊԾ գունդը գրավելուց 15 օր անց,  «Սասնա ծռեր» խումբը հայտարարեց, որ իրենք իշխանություններին հանձնվելու որոշում են կայացել։

Խմբի համակարգողներից Վարուժան Ավետիսյանը զանգահարել էր 1in.am-ի խմբագրություն եւ հայտարարել, որ ժամը 20։00-ին վայր են դնում զենքերը։ Չենք ուզում, որ արյունահեղություն լինի՝ իրենց որոշումը բացատրել էր Վարուժան Ավետիսյանը՝ ընդգծելով, որ մյուս ելքը ոստիկանների հետ մարտի բռնվելն էր, ինչի դեպքում զոհվելու էին նաեւ ոստիկաններ, որոնք ընդամենը հրաման կատարողներ են։  

Զինված դիմակայության երկու շաբաթվա ընթացքում իրենց սատարելու դուրս եկած քաղաքացիներին Վարուժան Ավետիսյանը կոչ է արել այս որոշումն ընդունել որպես դրական քայլ եւ շարունակել պայքարը՝ հետեւելով իրենց կոչերին՝ արդեն կալանավայրերից։ Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված՝ ասել է Վարուժան Ավետիսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժվեց, ինչի արդյունքում իրավիճակն այսպիսի հանգուցալուծում ունեցավ։

Մոտ մեկ ժամ անց արդեն Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ավարտվել է հուլիսի 30-ին և 31-ին ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան, եւ որ հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց գործողություններով զինված խմբի անդամներին ստիպել են վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին, ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 մարդ։ Ընդ որում, ԱԱԾ-ն իր հայտարարությունում նրանց անվանել է  «ահաբեկիչներ»։

Ձերբակալվածներին տեղափոխեցին ԱԱԾ, երեք վիրավորների՝ Էրեբունի հիվանդանոց։

Իսկ մինչեւ այդ իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Նախ առավոտյան հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդում գտնվող երկու բուժաշխատողներին հաջողվել է դուրս գալ այդ տարածքից։ Բուժաշխատողներն ավելի ուշ պատմել էին, որ նախօրեին, տեսնելով, որ խմբի անդամները քնած են, լքել են ՊՊԾ գնդի տարածքը։  «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ իր հերթին ասել էր, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահին հեռանալ։ Անգամ նրանց տեսել են հեռանալիս ու ոչինչ չեն ձեռնարկել։

Վարուժան Ավետիսյանն անդրադարձել էր նաեւ 30-ամյա ոստիկան Յուրա Տեփանոսյանի մահվան հանգամանքներին՝ վստահեցնելով, որ ոստիկանը Սասնա ծռերի արձակած կրակոցից չի սպանվել, ավելին՝ այդ վայրը, որտեղ ըստ ոստիկանության, նա գտնվել է, իրենց համար տեսանելի չէ։ «Ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել էր զինված խմբի անդամը։

Ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդից պայթյունների ձայներ էին լսվել եւ ծուխ էր նկատվել։

Հետո հայտնի դարձավ, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գեւորգ Մելքոնյանը: Ավելի ուշ նրանք մանրամասներ են պատմել ներսում տեղի ունեցածի մասին, վստահեցրել են, իբր իրենք տեղյակ չեն եղել ՊՊԾ-ն գրավելու գործողությունից, կարծել են, թե ցույցի են գնում, իսկ այս օրերին դուրս չեն եկել ՊՊԾ գնդի տարածքից, քանի որ վախեցել են կրակոցներից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը։ Նրան վիրահատել են, վիճակը ծանր կայուն է։

Երեկոյան Ժիրայր Սեֆիլյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է իր պահանջները Հայաստանի առանցքային բոլոր ոլորտների վերաբերյալ։ Այդ պահանջներում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը բացակայում էր։

Դրանից կես ժամ չանցած հայտնի էր դարձել, որ «Սասնա ծռեր» խումբը համաձայնել է վայր դնել զենքը եւ պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակում»։

15-օրյա դիմակայության հետեւանքով զոհվեց երկու ոստիկան, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկաններ եւ զինված խմբի անդամներ։ Ձերբակալվեցին եւ կալանավորվեցին այս օրերին «Սասնա ծռերին» աջակցելու նպատակով մայրաքաղաքում տեղի ունեցած հավաքների ու երթերի տասնյակ մասնակիցներ՝ մի մասը Սասնա ծռերին աջակցելու, մյուսները՝ անկարգություններ հրահրելու կասկածանքով։ Հասարակական ցասման կուլմինացիան հուլիսի 29-ինն էր, երբ ոստիկանությունը Սարի թաղում ուժով ցրեց հավաքված բազմությանը՝ կիրառելով հատուկ միջոցներ, բռնություն գործադրելով ինչպես ցուցարարների, այնպես էլ լրագրողների նկատմամբ։ Սարի թաղի բնակիչները դեռ երկար կհիշեն իրենց տներ ներխուժած ու իրենց ահաբեկող՝ զինված ոստիկաններին։ Դիմակայության ամենածանր հիշողություններից մեկը աչքը կորցրած 17-ամյա պատանու լուսանկարն է։ Վարդենիսցի Սայաթը  մի քանի օրով Երեւան էր եկել քույրերին տեսակցելու եւ Սարի թաղում ճակատագրական այդ օրը հայտնվել էր պատահաբար։