Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում աճել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը: Այս մասին հայտնել է «American Enterprise Institute » հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարեւոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը. «Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջեւ խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երեւանի նկատմամբ»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետեւանքներ ունենալ. «Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետեւ այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է եւ չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միեւնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով եւ եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշեց, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն. «Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը եւ, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը. «Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնեցին, որ այն կարող է լինել անկանխատեսելի: