7-ամյա էգ ծովառյուծ Ռոնանին, որը հասունացել է Սանթա-Քրուզի Քալիֆորնիական համալսարանի Ծովագիտության ինստիտուտի ակվարիումում, Էնդրյու Ռուզը եւ նրա գործընկերները նկարագրում են որպես «մարդկանցից բացի, ամենառիթմիկ կենդանի»: Ռոնանն ամբողջ աշխարհում հանրահայտ դարձավ 2013 թվականին, երբ գիտնականները ցուցադրեցին Boogie Wonderland կոմպոզիցիայի եւ դիսքո եւ փանք ոճի այլ մեղեդիների տակ նրա պարը, փոխանցում է Naked Science-ը:
Գիտնականներին հայտնի է «ռիթմը պահելու» ընդունակության առկայություն շիմպանզեների, բոնոբո կապիկների եւ կակադու թութակի մոտ: Սակայն, ի տարբերություն նրանց, ծովառյուծները անընդունակ են բարդ եւ ճկուն վոկալավորման, եւ երաժշտության հանդեպ Ռոնանի սերը դժվար է բացատրել առավել տարածված տեսության դիքերից:
Էնդրյու Ռուզն ու նրա գործընկերները նշել են, որ ընթացիկ պատկերացումների համաձայն՝ երաժշտականությունը զարգացել է խոսքի հետ սերտ կապի մեջ, այնպես որ՝ հնարավոր է, որ դրանք հիմնված են մերձակա նեյրոնների աշխատանքի վրա: Այդ պատճառով սպասվում է, որ առանց խոսքային ապարատը հստակ կառավարելու եւ բարդ ձայներ արձակելու հնարավորության՝ ընդհանրապես ոչ մի երաժշտություն եւ ռիթմ չի կարող լինել: Սակայն էգ ծովառյուծի վարքագիծը այս սխեմայի մեջ չի տեղավորվում՝ հավանաբար ցույց տալով «ռիթմի զգացողության» առավել հնագույն հիմքերը:
Հեղինակները հղում են կատարում նեյրոնային անդրադարձման գաղափարին: Այդ վարկածի համաձայն՝ ռիթմիկ երաժշտությունը գլխուղեղի լսողական կենտրոններում առաջացնում է նեյրոնների մշակման ներդաշնակեցում: Դա իր հերթին առաջացնում է լսողության եւ շարրժողական այլ մարզերի նեյրոններում ակտիվության համաձայնեցում: Այդպիսի փոխազդեցությունը չի պահանջում այնպիսի բարդ ուղեղ, ինչպիսին մարդկանց կամ շիմպանզեի մոտ է, եւ զարգանում է տատանումների սովորական կապերի օրենքներով, ինչպես իրար կպած երկու ճոճանակ:
«Մելոման առյուծը» գիտնականներին օգնել է ստուգել այս վարկածը՝ հետեւելով արագությանը, որով նա իր շարժումները հարմարեցրել է հնչող երաժշտության փոխվող ռիթմին: Նրանց հաջողվել է ցույց տալ, որ այդ ճանապարհով ստացված թվերը առյուծի վարքագծի լավ կանխատեսումներ են տալիս: «Դա թույլ է տալիս ենթադրել, որ նրա երաժշտական ընդունակությունները, ավելի շուտ, սովորական նեյրոնային անդրադարձման հետեւանք են, այլ ոչ թե գլխուղեղում որոշակի բարդ աշխատանքի»,- եզրափակել են գիտնականները:











