Կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը պատրաստվում է սփյուռքահայերի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել` հուլիսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այսօր` օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին նշեց, որ ականտես է եղել` ինչպես են Հայաստանում զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները եւ սփյուռքում կազմակերպված քննարկումների միջոցով փորձելու է տեղեկացնել Հայաստանում մարդու իրավուքնների խախտումների մասին: Դերասանուհին նշեց, որ այդ ձեւով փորձելու է պայքարել այն քաղաքացիների համար, որոնք այս ժամանակահատվածում եւ դրանից առաջ եւ հետո բռնության են ենթարկվել ոստիկանների կամ իշխանությունների կողմից:
Արսինե Խանջյանն անդրադառնալով իրեն հուլիսի 27-ին Երեւանի Խանջյան փողոցից բերման ենթարկելուն, նշեց, որ բերման ենթարկելուց իրեն ոչ ոք բացատրություն չի տվել` ինչու է բերման ենթարկվում, որը մարդու իրավուքնների կոպիտ խախտում է:
«Ես ավելի շատ զարմացել էի, որ այնտեղ դիմակավոր, զինված ոստիկաններ կային, կարծես տարազ էին հագել: Երբ ինձ ճանաչեցին, ներողություն խնդրեցին, բայց ես ասացի, որ ինձանից ներողություն խնդրել հարկավոր չէ, քանի որ իմ նման հարյուր քաղաքացի կար այնտեղ, որոնց հետ իրենք այնքան էլ հարգալից չէին խոսում»,-ասաց Արսինե Խաջյանը:
Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու փաստին անդրադարձել են արտասահմանյան լրատվամիջոցները, որի միջոցով էլ հնարավոր է եղել ինչ-որ չափով նրանց ուշադրությունը հրավիրել Հայաստանում տեղի ուենցող իրադարձություններին. «Երբ ինձանից հարցազրույց էին վերցնում, հարցնում էին` ժողովրդավարական երկիր չէ, ես էլ չգիտեի ինչ պատասխանեմ այդ պահին»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները բերման են ենթարկել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը:











