Երեւանում հուլիսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները բողոքարկվելու են: Այս մասին այսօր` օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
«Մենք երկու հիմնական ճյուղերով ենք շարժվելու` բողոքարկելու ենք ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, երկրորդը` իրավական որակումները: Մենք տեսանք, որ այս օրերին փլուզվեց ոստիկանության «բարեփոխումներ» անվանումը: Տեսանք, որ ոստիկանությունն առանց որեւէ պատճառաբանության մարդկանց է բերման ենթարկում, նրանց այնտեղ անհիմն կերպով պահում, քաղաքացիների ձեռքից անձնական իրեր վերցնում, այնուհետեւ ոմանց նկատմամբ հետապնդում իրականացնում: Հուլիսի 27-ին Երեւանում Խորենացի փողոցում մարդկանց բերման ենթարկելու նպատակն իրականում այն էր, որ նրանք չհավաքվեն տվյալ վայրում եւ մասնակցեն հավաքին եւ այս ամենի վերաբերյալ անհրաժեշտ է հետեւողական լինել եւ պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասաց փաստաբանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար շարունակական պայքար տանել: Նրա խոսքով` Հայաստանում կան շատ քաղաքացիներ, որոնք տեղյակ չեն իրենց իրավունքների մասին եւ հաճախ են նրանց իրավունքները խախտվում եւ անպատիժ մնում:
«Մենք բոլորս պարտավոր ենք իրավունքների պաշտպանության համար շարունակաբար պայքարել: Պետք է պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք բազմաթիվ անձանց են անհիմն ազատությունից զրկել: Եթե հասնենք նրան, որ խախտումներն արձանագրվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, արդեն արդյունք կլինի: Ոստիկանությունը տարիներ շարունակ ագրեսիվ գործողություններ է իրականացնում քաղաքացիների, իրենց աշխատանքը կատարող լրագրողների դեմ, սակայն, անպատիժ մնում: Ժամանակին եթե ցուցարարների դեմ վարչական պատասխանատվության հարց էր բարձրացվում, ապա այժմ քրեական պատասխանատվության են ենթարկում նրանց, անհիմն կալանավորում»,-ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը նաեւ նշեց, որ Արսինե Խանջյանին անհիմն բերման ենթարկելու դեպքով հաղորդում են ներկայացնելու, որպեսզի հարուցվի քրեական գործ. «Մենք հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քրեական գործ հարուցվի Արսինե Խանջյանին բերման ենթարկելու դեպքով: Չնայած կյանքը ցույց է տվել, որ ցուցարարների նկատամամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը կարճվում են, այս գործով էլ հույսեր չունենք, որ ինչ-որ արդյունքի կհասնենք, սակայն, ամեն ինչ անելու ենք: Այնուհետեւ, եթե արդյունքի չհասնենք, կդիմենք ՄԻԵԴ»:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ ՀԿ-ն ոստիկանություն հարցում է ուղարկել եւ խնդրել տեղեկացնել` հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում քանի մարդ է բերման ենթարկվել: Ըստ հարցման պատասխանի` այդ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 119 քաղաքացի:
«Սակայն, համարում եմ, որ իրական թիվն ավելի մեծ է: Բացի այդ նշված է, որ այս քաղաքացիները ծանուցվել են իրենց բերման ենթարկելու պատճառների մասին եւ համապատասխան արձանագրություններ են կազմվել, սակայն, տեսանք, որ սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, իրականությունը հստակ հասկանալու համար լավ օրինակ է Արսինե Խանջյանի պատմությունը»,-ասաց փաստաբանը:











