35 տարվա ընթացքում Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի ծայրից գետի ուղղությամբ դեպի վերեւ բոլորը ուռուցքից են մահացել: Այս մասին հայտնել է Գեղանուշի բնակչուհի Ամալյա Մարտիրոսյանը, ով 35 տարի գյուղում աշխատել է որպես մանկաբարձուհի, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Գեղանուշ գյուղի վարչական տարածքում շահագործվում է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Գեղանուշի պոչամբարը, որտեղ կուտակվում են կոմբինատի արտադրական պոչերը՝ պարունակող ծանր մետաղներ: Գյուղի վատ էկոլոգիական վիճակը բնակիչները կապում են հենց պոչամբարի հետ:
«Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ գյուղում ավելի են շատացել հիվանդությունները: Մեր գյուղից երբեք չի եղել, որ զինապարտները գնան բուժզննման եւ լինեն ոչ պիտանի: Արդեն 3-4 դեպք ունենք էս 4-5 տարվա մեջ, ունենք կանանց մոտ չբերություններ, ունենք ուռուցքային հիվանդություններ, 50, 52, 60 տարեկանում արդեն բազմաթիվ դեպքեր ունենք ուռուցքային հիվանդությունների», - ԷկոԼուրին ասաց Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդյանը, - Ես չեմ կարող ստույգ ասել, որ պատճառը պոչամբարն է: Մեզ մոտ դա մտավախություն է: Ունենք առողջապահության նախարար, ունենք բնապահպաններ, շատ բաներ ունենք, իրենց պարտականությունն է, որպեսզի կարողանան մեզ նորմալ տեղեկատվություն տրամադրել: Մեզ՝ գեղանուշցիներիս, պետք է, որ լինեն առողջության համար հետազոտություններ»:
Գեղանուշցիները նաեւ նշեցին, որ պոչամբարի շահագործման պատճառով իրենք կորցրել են իրենց պտղատու այգիները: «էսօրվա դրությամբ որ բերք ու բարիք չենք ստանում, էդ պոչամբարի պատմությունն է: Ժամանակին բոլորը ներքեւում հողամասեր ունեին: Էլ չեն ցանում, որովհետեւ բերք չի տալիս, փչանում է», - ասաց գեղանուշցի Արթուր Կոստանդյանը:
«Մենք գետի կողքը, հենց պոչամբարի մոտ այգիներ ունեինք: Բոլոր ծառերը չորացել են…իսկական կեռասի երկիր էր էնտեղ, խվոստի գալուց հետո վերացելա, էլ չկա», - ասաց մեկ այլ բնակիչ եւ վրդովվեց. «Էն հատուցում, բան, իրենց գլխին թող լինի, էն էլ չեմ ուզում, թող խվոստը փակեն»:
Տարեսկզբին Գեղանուշի բնակիչները 184 ստորագրությամբ նամակ էին ուղարկել կոմբինատի այն ժամանակվա ղեկավարությանը՝ «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան» ընկերությանը՝ պահանջելով փոխհատուցել պոչամբարի պատճառած վնասների դիմաց: Բայց քանի որ Կապանի կոմբինատն անցել է մեկ այլ ընկերությանը՝ Polymetal International-ին, այս բանակցությունների ճակատագիրը բնակիչների համար մնում է անհայտ:
«Մենք մեր գյուղի ակումբում հանդիպեցինք կոմբինատի նախկին տնօրենի հետ: Մեր գյուղացիների բողոքը հենց մեր առողջության խնդիրների մասին էր: Թող ապահովագրություն լինի: Ինչո՞ւ ես պետք է գնամ, խնդրեմ, որ պետք է վիրահատության ենթարկվեն, ինձ 100 հազար կամ 10 հազար դրամ տուր: Թող ապահովագրեն, մենք ենք այդ օդը շնչում, - ասաց համայնքապետը, - դրանից հետ «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան»-ը լուծարվեց, եւ այդ հարցերը մնացին օդում, բայց ոչ թե հիմիկվա տնօրինությանը ես զգուշացնում եմ, ուղղակի միշտ էլ մենք պայքարելու ենք»:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











