Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 6-ին, հավաքվել եւ իրենց զորակցությունն են հայտնում հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» երեք անդամներին:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Վահե Պետրոսյանը նշեց, որ քաղաքացիներն անհանգիստ են ինչպես «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արմեն Լամբարյանի առողջությամբ, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Պավլիկ եւ Արամ Մանուկյանների, Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի առողջությամբ:
«Քանի որ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան բուժաշխատողներ՝ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկներն են գնում տղաների վերքը մշակելու եւ այժմ մենք նաեւ ուզում ենք հիվանդանոցի բժիշկներից տեղեկանալ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվողների առողջության մասին»,-ասաց Վահե Պետրոսյանը:
Նշենք, որ հիվանդանոցի դիմաց հավաքված քաղաքացիներն այս պահին սպասում են հիվանդանոցի բժիշկներին, որպեսզի նրանք իջնեն եւ իրենց մանրամասներ հաղորդեն «Սասնա ծռերի» 7 անդամների առողջության մասին:











