«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանն այսօր՝ հուլիսի 6-ին,  կալանավորվեց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Թաթաուլ Թամրազյանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Թաթուլ Թամրազյանին երկու ամսով կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Թաթուլ Թամրազյանին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:

Նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը դատական նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թաթուլ Թամրազյանը որոշման հրապարակումից հետո  նիստերի դահլիճում ձեռքը բարձրացրել է եւ ասել՝ «ամեն ինչ լավ է լինելու, սա միայն սկիզբն է»:

Դատարանից Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: