«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ ազատ է արձակվել իրեն առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու եւ իր փաստաբանի ներկայացրած բողոքների արդյուքնում: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 8-ին, ասաց, որ իր կալանավորման որոշման ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ եւ ոտնահարվել են իր իրավունքները:

«Եվ ինձ առաջադրված մեղադրանքը, եւ ինձ կալանավորելու հիմքերը անհիմն էին: Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն էր եւ  անհրաժեշտություն ուներ հիմնավորվելու, այդ անհիմն որոշումների կապակցությամբ իմ փաստաբանը բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել եւ այսօրվա որոշումը այդ ներկայացված բողոքների եւ ինձ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու արդյունք էր: Կալանավայրում մարդկային վերաբերմունքի առումով բողոք չունեմ, սակայն, իմ կալանավորման ընթացքում իմ իրավուքնները ոտնահարվել են»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքին երեք հիմնավորում է ներկայացվել, որոնք նույնպես անհիմն են եղել.

«Հիմնավորումները երեքն են եղել՝ կայուն կապ պաշտպանելը Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ, տեղեկացնելը խաղաղ ընթացող բանակցությունների մասին, հրահրել ցուցարարներին անկարգությունների: Բացի այդ իրբ իրավապահների գործողությունների մասին «Սասնա ծռերին» տեղեկություններ եմ հաղորդել,  բայց որպեսզի ես իսկապես օբյեկտիվ տեղեկություններ կարողանայի տալ, պետք է տարածքին ծանոթ լինեի»,-ասաց Ենիգոմշյանը, նշելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել եւ միայն փոխվել է խափանման միջոցը, որը նշանակում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել: