«Սասնա ծռերի» տղաների՝ զենքերը վայր դնելու որոշումը իրենցն է եղել, եւ ուրիշ ոչ ոք այդ որոշումը չէր կարող կանգնեցնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ ինքը հարգում է «Սասնա ծռերի» որոշումը:
«Իրենք առաջին օրվանից զենքերը վայր չդրեցին եւ երկրում ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որը չէր հաջողվել ստեղծել երկար տարիների ընթացքում, եթե իրենք առաջին օրը զենքերը վայր դնեին, ապա այդ իրավիճակը չէր լինի: Համազգային, համաժողովրդական առումով մենք ամբողջությամբ այլ իրավիճակում ենք գտնվում այժմ եւ տղաների զենքերը վայր դնելը զուտ տեխնիկական հարց չէր, այդ ընթացքում շատ քայլեր են իրականացվել»,-ասաց նա:
Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի այդպես էլ չկայացած հանդիպմանը, նշեց, որ իշխանությունների կողմից տրված խոստում է եղել, որը չի իրականացվել.
«Ես ինքս, երբ բանագնաց էի, հուլիսի 17-ին տեսել եմ Ժիրայր Սեֆիլյանին, Սեֆիլյանը ներկայացրեց իր առաջարկությունը, որպեսզի այս ստեղծված հարցը արյունահեղությամբ չավարտվի ու Հայաստանն այս իրավիճակից շահեկան դուրս գա: Նա տղաներին ասաց, որ թեկուզ մի պահ մի կողմ դնեն Սեժ Սարգսյանի հրաժարականի հարցը եւ պայմանավորվածություն ձեռքբերվի, որպեսզի Սերժ Սարգսյանի եւ իր միջեւ հանդիպում կայանա, որպեսզի որակական բարեփոխումների շուրջ եւ գործնական քայլերի շուրջ բանակցություններ վարվեն եւ, եթե երկրի բարեփոխման վերաբերյալ բանակցութթյունների արդյուքնում դրական առաջարկություններ լինեն, Ժիրայր Սեֆիլյանը կփորձեր համոզել տղաներին հրաժարվել իրենց այս պահանջից: Սրա վերաբերյալ այդ ժամանակ պատասխանեցին, որ եթե այդ ժամանակվա այսպես կոչված ոստիկան պատանդներն ազատ արձակվեն, դրանից հետո կխոսվի մնացածի մասին: 4-5 օր անց ոստիկանները ազատ թողնվեցին: Դրանից հետո մնացածի մասին չխոսվեց, այստեղ առաջին խոստման ոտնահարումն էր: Երկրորդը, Վիտալի Բալասանյանը մի քանի օր անց ասաց, որ եթե տղաները զենքերը վայր դնեն եւ հանձնվեն, Ժիրայր Սեֆիլյանի հետ Սերժ Սարգսյանը կհանդիպի եւ բացատրություններ կտա: Վիտալի Բալասանյանին ասված էր, որ նման բան կլինի,սակայն, չեղավ, սա հերթական սուտն էր այն պետական այրերի, որոնք մեր երկրի ճակատագիրն են այսօր որոշում»,-ասաց նա:











