Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված իրավիճակը դժգոհության ամենամեծ, նախադեպը չունեցող դրսեւորումն էր 2008 թվականից ի վեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«2008-ից հետո տեսանք, որ իշխանությունները «դասեր քաղեցին». 2.5 անգամ ավելացրեցին ոստիկանների թիվը, մեծացրին ոստիկանության բյուջեն, հսկայական գումարներ ծախսեցին մեր հեռախոսազանգերը, կապը գաղտնալսելու համար»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ ոստիկանական մեթոդներով, թերեւս, կարելի է իշխանությունը պահել, բայց տնտեսությունը՝ ոչ:

Ընդհանրապես, ըստ Արա Պապյանի, բռնատիրությունները գոյատեւում են այն երկրներում, որտեղ նավթ կա եւ տնտեսություն չկա: «Օրինակ՝ Ադրբեջանում բռնապետությունը կարող է գոյատեւել, այնտեղ տնտեսություն չկա: Նավթը վաճառում են, գումարով վճարում են ոստիկաններին, անվտանգության ծառայությանը: Հայաստանում այդպես չէ. ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԿԳԲ-ն (չեմ ուզում ԱԱԾ կոչել), մեր հարկերից են վճարվում»,- նշեց փորձագետը: Նա վստահ է. այդ մարմիններում ոչ ոք առանց աշխատավարձի ժողովրդի դեմ դուրս չի գա, դա անում են զուտ փողի համար:

Արա Պապյանն ակնկալվող փոփոխությունների փոխարեն վտանգավոր միտումներ է արձանագրում՝ ռեպրեսիվ ապարատի ուժգնացում, որը բերելու է Հայաստանի վերջնական կործանմանը, քանի որ նման իրավիճակում տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ:

«Եթե իշխանությունները շարունակեն լուրջ արմատական փոփոխությունների կարիք չտեսնել, մինչեւ տարեվերջ ավելի լուրջ ցնցումներ կունենանք, հատկապես, որ Ղարաբաղի հարցում բացասական զարգացումներ ենք տեսնում»,- ամփոփեց Արա Պապյանը: