Գյումրիում այսօր՝ օգոստոսի 9-ին, բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաներն անսարք են եղել, բնակիչները ստիպված են եղել դույլերով մարել hրդեհը։

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհի ահանզագով դեպքի վայր մեկնած առաջին մարտական մեքենան նախ 5 րոպե չի կարողացել մոտենալ հրդեհվող տանը ճանապարհ չգտնելու ու չկողմնորոշելու պատճառով։ Տանը մոտենալուց հետո, սակայն, հրդեհը մարելու փորձը չի հաջողվել, մեքենան անսարք է եղել, խողովակները չեն աշխատել, ջուրը թափվել է գետնին։

Դրանից մոտ 10 րոպե հետո դեպքի վայր է ժամանել երկրորդ մարտական հաշվարկը, որին նույնպես չի հաջողվել մարել հրդեհը, քանի որ խողովակները կարճ են եղել։ Միայն 15 րոպե անց հաջողվել է սկսել հրդեհի մարման աշխատանքները, երբ երկու մեքենաների խողովակները միացրել են իրար։

Հրդեհն արդեն տարածված է եղել ու ստիպված ժամանել է եւս 3 մարտական հաշվարկ եւ քաղաքապետարանի ջրցան մեքենան։ Հրդեհը մարելու աշխատանքներին ստիպված են եղել միանալ նաեւ քաղաքացիները, նրանք բարձրացել են տանիքներ ու սեփական խողովակներով փորձել մարել հրդեհը։

NEWS.am–ի տեսանյութում երեւում է՝ ինչպես է հրշեջներից մեկը դույլը ձեռքին բարձրանում տանիք եւ ջուրը կրակի վրա լցնելու փոխարեն հեռախոսով խոսում, ինչպես են բնակիչները փորձում կացինով բացել հրշեջ մեքենայի ջրի չաշխատող  փականը եւ իրենց ձեռքն են վերցնում ջրի խողովակը մինչ փրկարարները շուռումուռ են տալիս վթարային սանդուղքը՝ չկողմնորոշվելով ինչպես հավաքել այն։  

Բնակիչները, որոնք խոշոր վնասներ են կրել հրդեհի հետեւանքով, NEWS.am–ի հետ զրույցում ասել են, որ վնասն այդքան մեծ չէր լինի, եթե հրշեջ ծառայությունը նորմալ աշխատեր։  Նշենք, որ հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտի չէ։ 7 տան տանիք է այրվել, մի քանի տուն բնակվելու ենթակա չէ։