Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 10-ին, հետաձգել է Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կալանքի դեմ որոշման բողոքարկման քննությունը:
Լրագրողների հետ զրույցում Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ եւ ինքը միջնորդել է նիստը հետաձգել: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
«Առանց Արարատ Խանդոյանի ներկայության՝ ես չցանկացա, որ նիստը տեղի ունենա, այդ պատճառով էլ այդ միջնորդությունը ներկայացրել եմ: Չնայած Խանդոյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, մեծ հույսեր չեմ կապում, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի այս միջնորդությունը: Բոլորիս էլ պարզ է, որ մեր դատարանները սպառման միջոց են եւ մենք դիմելու ենք ՄԻԵԴ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ դատարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, այնտեղ էր նաեւ Արարատ եւ Արայիկ Խանդոյանների մայրիկը: Հավաքվածներն իրենց հետ բերել էին «Քաղբանտարկյալ Արարատ Խանդոյան», «Կորչի հակահայ ռեժիմը», «Կեցցե Սասնա ծռերը» գրությամբ պաստառներ: Քաղաքացիների ակցիան հսկում էին ոստիկանները:
Հիշեցնենք, որ Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:











