«Սասնա ծռերի» կալանավորված անդամների վճռականությունը բացարձակապես անկում չի ապրել, անազատության մեջ նրանք իրենց համարում են հաղթանակած եւ շարունակում են պայքարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում ի աջակցություն «Սասնա ծռերի» հավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Նա նշեց, որ կալանավորվածներն իրենց փաստաբանների եւ հարազատների միջոցով փոխանցել են, որ շարունակում են պայքարը եւ դրսում գտնվողներին էլ կոչ են անում նույն կերպ վարվել։

«Ավելին՝ նրանցից յուրաքանչյուրն ավելի շատ լուրջ, քան կատակով ասում են, որ իրենց գտնված խցում իրենցից յուրաքանչյուրի կողքին արդեն ձեւավորվում են տասնյակ նոր պայքարողներ»,- ասաց Ենիգոմշյանը։

Ենիգոմշյանը նշեց, որ «Սասնա ծռերին» աջակցության համակարգող խումբը վերակազմավորվել է եւ վաղվանից ավելի կազմակերպված շարունակելու է հավաքներն ու պայքարը՝ ավելի հստակ անելիքներով։

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» պահանջները եւ նպատակները նույնն են՝ Սերժ Սարգսյանի հեռացում, վստահության կառավարության ձեւավորում, որը պետք է երկու հիմնական ուղղությամբ աշխատի՝ Արցախի անվտանգություն՝ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով, եւ «Հայաստանի ինքնիշխանության հաստատում, կայացում, երկրի ապագաղութացում»։

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, իսկ հուլիսի 30-ին երկու ամիս ժամկետով կալանավորվել: Նրան կասկածում էին հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։