Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակին նվեր կստանա 90 մետրանոց սիգար: Նվերը պատրաստել է տորսեդոր` սիգարային գործի վարպետ Խոսե Կաստելարը:
«Սիգարը փաթաթելու համար տասն օր շարունակ օրական 12 ժամ աշխատել եմ», — պատմել է նա: 72-ամյա տորսեդորին մոտ 80 կգ կուբայական ծխախոտ է անհրաժեշտ եղել, որը Կաստելարն աշխարհում լավագույնն է համարում:
Հավանայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցը հաստատել է Ֆիդել Կաստրոյի համար սիգարի երկարությունը եւ տվյալներն ուղարկել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար, հայտնում է Fox News Latino-ն:
Lenta-ն հիշեցնում է, որ Ֆիդել Կաստրոն ծխելը թողել է մոտ 30 տարի առաջ` առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին կուբայական Օրյենտե նահանգում: Նա իշխանության է եկել 1959 թվականին բռնապետ Ֆուլհենսիո Բատիստայի տապալումից հետո: 2006-ին հիվանդության պատճառով Կաստրոն իշխանությունը փոխանցել է եղբորը` Ռաուլին:
Խոսե Կաստելարն ավելի վաղ արդեն պատրաստել է անսովոր երկարության սիգարներ: 2011-ին նա 81,80 մ երկարությամբ արտադրանք է պատրաստել:











