Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին հորդորել են չմասնակցել Ազատության հրապարակի համերգին, սակայն դրանից հետո որոշել է հաստատ մասնակցել։ Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում ընթացող համերգին հայտնեց, թե սուտ տեղեկություններ են տարածվել, թե իրեն սպառնացել են։

«Բայց... իմ ընկերներից ոմանք հորդորում էին չմասնակցել։ Դրանից հետո որոշեցի հաստատ մասնակցել։ Ինձ մի բան որ ասում են, հակառակն եմ անում»,- ասել է նա։

Հախվերդյանին սպառնալու մասին տեղեկությունները տարածել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ «Քիչ առաջ խոսացել եմ Ռուբեն Հախվերդյանի հետ, ով այսօր երեկոյան պետք է համերգ տա Օպերայի հրապարակում: Նա ասաց, որ նրան օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել են անծանոթ տղամարդիկ եւ կանայք, խորհուրդ տալով եւ անգամ սպառնալով, որպեսզի նա չգա հրապարակ: Ռուբենն, իհարկե գալու է եւ երգելու է, եւ իր խոսքն է ասելու, ինչպես միշտ է ասել, որքան էլ չսպառնան ու չֆշշացնեն չեկիստ ագենտները: Ռուբեն Հախվերդյանը այսօր եւ միշտ լինելու է այնտեղ, որտեղ իր ժողովուրդն է»«- գրել էր Խզմալյանը:

Նշենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է համերգը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Նախաձեռնող խումբը ոոշել է ամեն կիրակի անցկացնել նմանատիպ համերգներ։