Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր՝ օգոստոսի 16-ին, 20 օր անազատության մեջ գտնվելուց հետո գրավի դիմաց ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը շարունակելու է պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Միքայելյանը:

«Նախ գնալու եմ տուն, երեխաներիս տեսնեմ, համբուրեմ: Իսկ պայքարը շարունակելու եմ, ժողովուրդն ինչ նպատակ դրել է՝ պետք է հասնի»,- ասաց Արմեն Միքայելյանը:

Նա պատմեց, որ իրեն ձերբակելել են, երբ ընտանիքի անդամների հետ հանրահավաքից վերադառնալիս է եղել: Նա իրեն առաջադրված՝ զենք, զինամթերք պահելու մեղադրանքն անհիմն է համարում:

«Իրենք ընթացքում զենքը դրեցին, իրենք էլ հանեցին»,- նշեց նա:

Արմեն Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը կալանքի որոշման հիմքում դրել էր այն, որ Արմեն Միքայելյանը կխուսափի նախաքննական մարմնից:

«Հիմա էլ դատարանը որոշեց, որ եթե այս փուլում Արմենն ազատ արձակվի, որեւէ խոչընդոտ չի լինի գործի նախաքննությանը, որեւէ վտանգ չկա»,- ասաց փաստաբանը:

Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել): Նա դեռեւս ցուցմունք չի տվել: