«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել:

«Քանի որ պայքարի միջոցները կամաց կամաց սպառում են, դիմեցի հացադուլի՝ քաղբանտարկյալներին սատարելու համար: Իմ ընկերները կալանավորված են հիմա, Դավիթ Սանասարյանը ամեն անգամ ցույցին ամեն բան անում էր, որ ես չբռնվեմ, հիմա իրան բռնել են, ես ի՞նչ անեմ, բա ընկերասիրությունը ո՞ւր մնաց, որ ինքը նեղության մեջ ա, ես գնամ ուրախանամ, ինքը նեղության մեջ ա, մի քիչ էլ ես կլինեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ, բացի այդ, անտարբերություն կա մարդկանց մեջ ու այս քայլով ուզում է մեսիջներ ուղարկել հասարակությանը, որ պայքարը չի մարել:

Շահեն Հարությունյանը նշեց, որ նախնական տվյալով, ինքը հացադուլ կանի մինչեւ օգոստոսի 21-ը:

«Դրանից հետո, կախված վիճակից, քայլեր կձեռնարկեմ: Պայքարը այնպիսի բան է, որի դիմաց խաղ ու պար չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտվել էր  4 տարվա պայմանական ազատազրկման: