Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13:10-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Տերյան փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է քաղաքացու դյուրակիր համակարգիչը, «Այփոդ»-ը եւ այլ առարկաներ՝ պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ բացում կայանված մեքենայի դուռը, վերցնում համակարգիչը եւ հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











