Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի շահերը պաշտպանող Լուսինե Սահակյանը նշեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ իրենք միջնորդել են, որպեսզի իրենց պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստին:

«Անդրիաս Ղուկասյանը ցանկություն է հայտնել՝ մասնակցելու դատական նիստին: Վերաքննիչ դատարանն էլ ժամանակ տրամադրեց, որ մենք գրավոր միջնորդությունը ներկայացնենք»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ իրեն քաղբանտարկյալ է համարում:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 18 օր է՝ հացադուլի մեջ է: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն իր հացադուլի մասին հայտարարել էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:

Անդրիաս Ղուկասյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ պահանջում է ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ եւ վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցները:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: Բերման է ենթարկվել 165 մարդ, որոնցից 26-ը ձերբակալվել է: