ՀՀ վերաքննիչ դատարանում Արամ Մանուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանի ներկայացրած միջնորդության քննությունը հետաձգվել է դատախազի չներկայանալու պատճառով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
«Դատական նիստը բացվեց, չէր ներկայացել դատախազը, ում ծանուցել էին, սակայն ծանուցման վերաբերյալ համապատասխան հավաստագիր չունեին, եւ դատարան չէր բերվել մեր պաշտպանյալը, մենք միջնորդեցինք, որ Արամ Մանուկյանն անպայման մասնակցի դատարանում մեր կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությանը, քանի որ Արամ Մանուկյանը նաեւ չէր մասնակցել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման խափանման միջոցի միջնորդության քննության ժամանակ»,-ասել է փաստաբանը։
Նշենք, որ Արամի՝ դատարանում ներկա գտնվելու միջորդությունը բավարարվել է։











