Էգ վագր Մաչլին, որը բազմաթիվ փաստագրական ֆիլմերի հերոսուհի է դարձել, Հնդկաստանում մահացել է 19 տարեկան հասակում, հայտնում է The Times of India-ն:
Մահից հինգ օր առաջ Մաչլին դադարել է ուտել: Անասնաբույժները նրա նկատմամբ վերահսկողություն էին սահմանել եւ փորձում էին կերակրել նրան, սակայն կենդանին հրաժարվում էր:
Վագրն ապրում էր Ռանտամբոր այգու հարեւանությամբ գտնվող անտառում: Առաջին անգամ նրան նկատել էին 1998 թվականին: Իր կյանքի ընթացքում նա բազմաթիվ փաստագրական ֆիլմերի հերոսուհի է դարձել, որոնցից ամենահայտնին «Մաչլի` վագրերի թագուհի» ֆիլմն է (Մեծ Բրիտանիա, 2012 թվական):
The Times of India-ի պնդումներով, նա աշխարհում ամենաշատ լուսանկարված վագրն էր եւ իր կենսաբանական տեսակի խորհրդանիշը: Այգու տնտեսության մեջ Մաչլիի ներդրումը գնահատվում էր տարեկան 10 մլն դոլար:
Բացի այդ, Մաչլին վագրերի Ռանտամբոր տոհմի հիմնադիրն է դարձել. այդ տեսակի տեղական պոպուլյացիայի մոտ 60 տոկոսը նրա սերունդներն են:











