Զանգվածային ծեծկռտուքը, որը շաբաթ տեղի է ունեցել Կորսիկայում, հրահրել են մարոկկացիները, որոնք փորձել են Սիսկոյի քաղաքապետարանում սեփականաշնորհել հանրային լողափը:  Այդ մասին հայտնել են Բաստիայի դատախազությունից, հայտնում է    Euronews-ը:

Քննիչների խոսքով, մարոկկացիներն իրենց անպատկառ են պահել, վիրավորել են տեղի բնակիչներին: Ի վերջո սկիզբ առած ծեծկռտուքին ավելի քան հարյուր մարդ է մասնակցել, գործի են դրվել դանակներ եւ հարպունային զենք: 

«Այդ իրադարձությունների պատճառ է դարձել հյուսիսաֆրիկյան ընտանիքը, որը փորձել է լողափի նկատմամբ իր իրավունքները հայտարարել. այն հռչակել, այսպես ասած, իր սեփականությունը: Երկրորդ` նրանք նշան են տեղադրել, որն արգելում է մուտք գործել լողափ: Դա ավելի շուտ խորհրդանշական էր. ուրիշները, իհարկե, կարող էին մտնել այնտեղ:  Բայց նրանց մտադրությունները պարզ էին. ոչ մեկին չթողնել լողափ», — հայտնել է Բաստիայի դատախազը:

Ծեծկռտուքի մասնակիցներին իրարից կարողացել են բաժանել միայն ոստիկանները եւ ժանդարմները, որոնց կանչել են բոլոր ծայրամասերից: 

Ծեծկռտուքի անմիջական պատճառը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, դարձել է այն, որ մարոկկացիներից մեկին թվացել է, թե լուսանկարում են իր կնոջը, որը մահմեդական լողազգեստ է հագած եղել` բուրկինի: 

Այդ միջադեպը բուրկինի կրելու արգելքի է հանգեցրել Ֆրանսիայի միանգամից մի քանի քաղաքապետարանում: