ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են դեպի Մարս թռիչքների համար նախատեսված հրթիռի շարժիչը: NASA-ի ինժեներները Միսիսիպիի նահանգում Ջոն Սթեննիսի տիեզերական կենտրոնում փորձարկել են արդիականացված  RS-25 հրթիռային շարժիչը: Նախատեսված է դրանով զինել գերծանր կրիչ հրթիռ  Space Launch System-ը: Ներկայումս իրականացվում է դրա շինարարությունը, հայտնում է  NTDTV-ն:  

Հեղուկային RS-25 շարժիչները մշակել է ամերիկյան Ռոկետդայն ընկերությունը: Ավելի վաղ դրանք օգտագործում էին «Սփայս շաթթլ» տիեզերական մաքոքների վրա: Նորացված RS-25-ները կտեղադրվեն  Space Launch System հրթիռի առաջին աստիճանին:

Կրակային փորձարկումը յոթ րոպե է տեւել: Փորձարկման ընթացքում մասնագետները տվյալներ են ստացել շարժիչի կառավարման նոր բլոկի արդյունավետության վերաբերյալ: Այն աշխատանքի ընթացքում վերահսկում է ուժային սարքի ներքին գործառույթները եւ պատշաճ կապ է ապահովում նրա եւ կրիչ-հրթիռի միջեւ: 

Ինժեներները շարժիչի գործարկման ընթացքում նաեւ փոփոխել են շրջակա պայմանները: Այն ստիպված է եղել աշխատել ցածր ջերմաստիճանի եւ բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում:   RS-25-ը հաջողությամբ անցել է բոլոր թեստերը: 

ՆԱՍԱ-ն այդ շարժիչի փորձարկումների արդեն մի քանի շարք է իրականացրել: Նախորդներն ընթացել են հուլիսին, իսկ հաջորդները նախատեսված են աշնանը: 

RS-25-ն աշխարհում ամենափորձարկված եւ հուսալի հրթիռային շարժիչներից մեկն է համարվում:   

Space Launch System հրթիռը գործող ամենահզոր կրիչ հրթիռը կդառնա առաջին գործարկման ժամանակից ի վեր: Այն պետք է տիեզերք հասցնի  «Օրիոն» տիեզերանավը: Այն նախատեսված է մարդկանց եւ բեռներ ՄՏԿ հասցնելու եւ Լուսին եւ Մարս թռիչքների համար: