Ալեն Ռոբերը նվաճել է Փարիզի Tour T1 երկնաքերը: Ալեն Ռոբերի՝ ֆրանսիացի սարդ-մարդու նշանաբանն է՝ ձեռքերի ճարպկություն եւ ոչ մի սարքավորում: Չորեքշաբթի օրը, առանց անվտանգության ապահովման, նա բարձրացել է Փարիզի Tour T1 երկնաքերի գագաթը: Գրասենյակային աշխատողների աշխատանքային սովորական ռեժիմը խախտվել էր: Նրանք փողոց էին դուրս եկել՝ հետեւելու վտանգավոր վերելքին, հայտնում է NTDTV-ն:

54-ամյա Ռոբերը ամբողջ աշխարհում բարձրահարկ կառույցներ է նվաճում առանց սարքավորումների, հաճախ որեւէ ազնիվ նպատակի համար: Նա իր վերելքները նվիրել է եւ՛ Նեպալում երկրաշարժի զոհերի հիշատակին, եւ՛ մազաթափության  խնդրին: Այս անգամ 185-մետրանոց շինությունը նվաճել է՝ որպես բողոք ընտանեկան բռնության դեմ:

Նա, մասնավորապես, կոչ է անում ազատ արձակել Ժաքլին Սավաժին, ում 10 տարվա ազատազրկման են դատապարտել ամուսնուն սպանելու համար, ով նրան պարբերաբար ծեծում էր:

Լայնածավալ ակցիայի շնորհիվ, որի ընթացքում 400 հազար ստորագրություն էր հավաքվել, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարին ներման հրամանագիր էր ստորագրել: Սակայն օգոստոսին Սավաժին պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրագիրը դատարանը մերժել էր:

Ալենը Tour T1-ի գագաթին է հասել գրեթե կես ժամում: Նա մանկությունից է հրապուրվել ալպինիզմով: Ռոբերն ամուսնացած է, բազմազավակ հայր է: Ունի 1 մետր 58 սմ հասակ եւ երկար տարիներ նույն՝ 47,5 կգ կայուն քաշն է պահպանում: