Իսպանիայից Մայա անունով երկու տարեկան ակիտա- ինու տեսակի շունը սոցցանցի աստղ է դարձել՝ մեկ շաբաթ հիվանդանոցի մոտ սպասելով իր տիրուհուն: Ինտերնետի օգտատերերի համար այդ շունը նոր Հաթիկո (համանուն ֆիլմի հերոսը) է դարձել, հայտնում է Life–ը:
Մայայի տիրուհին, 22-ամյա Սանդրա Ինյեստան, որովայնի մասում սուր ցավ է զգացել, երբ մեքենայով իր շան հետ Բարսելոնա էր գնում: Աղջիկը ստիպված է եղել կանգ առնել հիվանդանոցում, որտեղ նրան շտապ հոսպիտալացրել են ու վիրահատել կույր աղիքը: Սանդրայի հայրը փորձել է Մայային տուն տանել, բայց շունը ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ տիրուհու մոտից: «Նա ընտանիքի լիարժեք անդամ է, դրա համար էլ իրեն համապատասխան է պահում»,- պատմել է Անդրեաս Ինյեստան:
Իսկ Սանդրան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ամենևին չի զարմացել իր կենդանու վարքագծից: Աղջիկը հայտնել է, որ Մայան արել է նույնը, ինչ Բարսելոնայում էր անում՝ իրենց տանը: «Երբ ես որևէ շենք եմ մտնում ու նրան փողոցում թողնում՝ նա միշտ սպասում է ինձ՝ անկախ նրանից թե ինչքան եմ մնում ներսում»:











