Ավստրալիայի խորհրդարանի նոր պատգամավոր Թիմ Ուիլսոնը նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանում ելույթ ունենալիս պատմել է իր հայկական արմատների մասին։

Խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ պատգամավորը, ինչպես դա ընդունված է Ավստրալիայում, պատմել է իր մասին։ Նա հիշատակել է իր մորական պապին, որը վերապրել էր Ցեղասպանությունը, փոխանցում է Ավստրալիայի հայ դատի հանձնաժողովը։

«Մորական պապս վերապրել է իր ժողովրդի ցեղասպանությունը։ Ես նրան չեմ տեսել, քանի որ նա մահացել էր նախքան իմ ծնվելը։ բայց ես նրան դեռ ամեն օր տեսնում եմ, երբ նայում եմ հայելու մեջ եւ տեսնում մուգ եւ խորը աչքեր»,– ասել է Ուիլսոնը։