ԱՄՆ-ում հնդկացիները կընդդիմանան նավթատարի կառուցմանը: ԱՄՆ Հյուսիսային Դաքոտա նահանգում շարունակվում է բնիկ սիու ժողովրդի եւ նավթագործների դիմակայությունը: Սթենդին Ռոք Սիու բնակավայրում հիմնվել է բողոքողների վրանային ճամբար: Նրանք այստեղ են ժամանում ավտոմեքենաներով եւ ձիերով, փոխանցում է NYDTV-ն:
Նրանց նպատակը բնակավայրի տարածքում նավթատարի շինարարության չեղարկումն է: Այն այնպիսի վայրերով կանցնի, որտեղ գտնվում են հնագույն գերեզմանատեղիներ, նաեւ այն վայրերով, որտեղ սիուն կրոնական ծեսեր է իրականացնում: Հնդկացիների խոսքով՝ դրանից զատ, նավթատարն իրենց կզրկի խմելու ջրից, քանի որ կարող է աղտոտել տեղի գետերը:
Բնիկ ժողովուրդների բողոքն սկսվել է օգոստոսին: Այն սատարել են բնապահպանները եւ հայտնի դեմքեր՝ ներառյալ դերասանուհիներ Շեյլին Վուդլին եւ Սյուզան Սարադոնը:
Անցած հանգստյան օրերին հնդկացիների եւ շինհրապարակի պահապանների միջեւ բախումներ են գրանցվել: Բողոքողները շրջափակել են շինարարության մուտքի ճանապարհը, որից հետո ոստիկանությունը ավելի քան 20 մարդու ձերբակալել է:
Միեւնույն ժամանակ, այս նավթատարի շինարարության հետ կապված դատավարություն է սկսվել: Երեքշաբթի օրը շրջանային դատավորը ժամանակավորապես արգելել է աշխատանքների շարունակումը: Նավթատարի անցկացման գործով վերջնական որոշումը դատարանը կկայացնի ուրբաթ օրը: Սակայն, անկախ որոշումից, հնդկացիները մտադիր են իրենց հողը մինչեւ վերջ պաշտպանել:
1700 կմ-ից ավելի երկարությամբ նավթատարի շինարարությունը ղեկավում է Թեքսասի Energy Transfer Partners ընկերությունը: Նախագծի համաձայն՝ այն կանցնի Հյուսիսային Դաքոտայի, Հարավային Դաքոտայի, Այովայի եւ Իլինոյսի տարածքներով:











