iPhone 7-ի՝ երկար սպասված պատյանը, որը երկու տեսախցիկ ունի, պատրաստված է ալյումինից եւ «հայելային մակերեւույթ» ունի: «Սա լավագույն iPhone-ն է, որ մենք երբեւէ ստեղծել ենք»,- Սան Ֆրանցիսկոյում հեռախոսների նոր մոդելների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը:
Ըստ ABC-ի՝ iPhone 7-ն անջրանցիկ է: Սմարթֆոնը կառաջարկվի ոսկեգույն եւ արծաթագույն տարբերակներով, ինչպես նաեւ վարդագույն ոսկու եւ նոր՝ ածխասեւ գույներով:
4.7 մատնաչափանոց iPhone 7-ը եւ 5.5 մատնաչափանոց iPhone 7 Plus-ը չափսերով չեն տարբերվում իրենց նախորդներից: iPhone 7-ի մեկնարկային գինը 649 դոլար է, iPhone 7 Plus-ինը՝ 769 դոլար: Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:
Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ iPhone 7-ը 12 Մպ-անոց տեսախցիկ ունի, iPhone 7 Plus-ը՝ նույն հզորությամբ երկու տեսախցիկ: Apple-ում վստահեցնում են, որ նոր տեսախցիկները 60%-ով ավելի արագ եւ լավ են աշխատում անգամ ցածր լուսավորության պայմաններում:
Հեռախոսների Home կոճակը Force Touch սեղմակն ունի, որն արձագանքում է սեղմելու ուժին:











