Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է հայուհու, որը գողացել է փոստարկղերի եւ ծանրոցների պարունակությունը: Ոստիկանների փոխանցմամբ՝ Թագուհի Աբրայանը շրջագայում էր «Մերսեդեսով» եւ գողանում տների մուտքերի մոտ դրված ծանրոցները: Ոստիկանության տարածած տեսանյութում արձանագրված է, թե ինչպես է կինը մոտենում տանը եւ գողանում հերթական ծանրոցը, հայտնում է losangeles.cbslocal.com-ը:

Ենթադրյալ զոհերից մեկը՝ Դեյվիդ Փուլիդոն, տեսանյութը ոստիկաններին է ներկայացրել: Օգտագործելով այդ եւ այլ տեսագրությունները՝ սեպտեմբերի 8-ին իրավապահները հայուհուն կալանավորել են: Փնտրվում է նաեւ ավտոմեքենայի վարորդը, ում ճանաչելու նշաններից մեկը աջ թեւի դաջվածքն է:

Աբրայանի տանը հայտնաբերվել են քաղաքի տարբեր շրջանների գրեթե 300 բնակիչներին պատկանող իրեր: Քննիչների կարծիքով՝ հանցագործության հնարավոր դրդապատճառը այդ մարդկանց անձնական տվյալների գողությունն է: Քննությանը մասնակցում են նաեւ ԱՄՆ փոստային ծառայության աշխատակիցները, քանի որ հանցագործ կնոջ մոտ ինքնաշեն բանալի է հայտնաբերվել, որն օգտագործվում է փոստարկղերը բացելու համար: