Cassini տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Սատուրնի ամենախոշոր արբանյակի՝ Տիտանի սառցե բնապատկերների նոր լուսանկարներ: Դրանք ստացվել են 2016-ի հուլիսին, երբ սարքը մոտեցել է Տիտանին: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ լուսանկարները կատարվել են 976 կմ հեռավորությամբ:
Հոլովակում ներկայացված են Շանգրի Լա շրջանը, Տիտանի հսկայական սեւ տարածքը, որտեղ տեղակայված են արբանյակի բլուրները:
Գիտնականների առաջ քաշած վարկածի համաձայն՝ երկար գծավոր բլուրները կազմված են ածխաջրածնային մասնիկներից, որոնք նետվում են Տիտանի մթնոլորտից: Լուսանկարներում երեւում է, որ այդ բլուրները ձգվում են հարյուրավոր կիլոմետրերով եւ գոտեւորում Տիտանի գրեթե ամբողջ հասարակածը:











