Fimetech հայկական ընկերության վերջերս թողարկած ChessFimee հավելվածը շարունակում է ստանալ շախմատասեր հանրության դրական արձագանքները՝ արդեն իսկ գրանցելով 5000 ներբեռնում:
ChessFimee-ն սկանավորում և վերլուծում է խաղատախտակը՝ օգտագործելով ՕCR (optical character recognition) տեխնոլոգիան: Այն տեսախցիկի նկարահանած խաղատախտակի պատկերը ձևափոխում է fen string-ի, որը հավելվածում օգտագործվում է շախմատային դիրքերի վերլուծության համար:
ChessFimee-ից բացի` այս տեխնոլոգիայով աշխատող ընդամենը մեկ հավելված կա՝ ChessOCR-ը, որն էականորեն զիջում է հայկական մրցակցին:
Ի տարբերություն ChessOCR-ի` ChessFimee-ն ոչ միայն սկանավորում է խաղատախտակը, այլև կատարում է դիրքերի վերլուծություն, հնարավորություն է տալիս համակարգ ներբեռնել հեռախոսում առկա խաղատախտակի նկարները եւ նաեւ շախմատ խաղալ համակարգի հետ: Շախմատային դիագրամները հնարավոր է սկանավորել ինչպես գրքերից, ամսագրերից, այնպես էլ LCD էկրաններից:
Սակայն պրոյեկտի ամենահավակնոտ նպատակը շախմատային հարթակի ստեղծումն է, որը նախատեսված է իրագործել առաջիկա տարվա ընթացքում:
«Մեր վերջնական նպատակը շախմատիստների համար սերվերների տրամադրման ծառայություն՝ յուրահատուկ շախմատային հարթակ, ստեղծելն է, որը թույլ կտա նրանց հզոր համակարգիչներով կատարել դիրքային բարդ վերլուծություններ, պատրաստվել մրցումների: Մենք արդեն գտնվում ենք թեստավորման փուլում, որին մասնակցում են Հայաստանից երկու և արտերկրից մեկ գրոսմայստեր. նրանք մեզ օգնում են ստեղծել հարմար եւ բազմաֆունկցիոնալ հարթակ: Այս ծառայությունը ստեղծվում է կոմերցիոն նպատակով` ի տարբերություն հավելվածի, որն առավելապես ուսուցողական բնույթ ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատմեց Fimetech-ի հիմնադիր Գոռ Վարդանյանը:
Այժմ ընկերության թիմը աշխատում է ChessFimee-ի iOS տարբերակի վրա, նախատեսվում է հավելվածում ներառել նաև իրական տախտակ սկանավորելու հնարավորություն, ինչն ավելի բարդ խնդիր է, քանի որ պետք է կիրառվի 3D տեխնոլոգիան եւ լուծվի տախտակը ցանկացած դիրքից ճանաչելու խնդիրը:
Հիշեցնենք, որ FimeTech ընկերությունը օգոստոսին թողարկել է ChessFimee շախմատային հավելվածը, որն արդեն անցել է Startup Cup մրցույթի 2-րդ փուլ, իսկ սեպտեմբերի վերջին կներկայացվի նաեւ DigiTec 2016 ցուցահանդեսին:











