«Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներն ու աջակիցներն այսօր՝ սեպտեմբերի 13-ինմ, հավաքվել են ԱԺ դիմաց՝ փորձելով պատգամավորներից ճշտել, թե ինչ գործողություններ են անելու «Սասնա ծռերի» հետ կապված:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աջակիցներից տիկին Աղավնին նշեց, որ իրենք ժամը 11-ին հավաքվել են ԱԺ դիմաց, մոտեցել են ներս մտնող պատգամավորներին, սակայն ոչ ոք չի ցանկացել կանգնել ու լսել իրենց պահանջները՝ պատճառաբանելով, որ իրենք աշխատանքից ուշանում են:
«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հասկանանք, թե պատգամավորները, որոնք ընտրբվել են ժողովրդի ձայնով, ինչ են փորձելու անել հանուն «Սասնա ծռերի» եւ քաղբանտարկյալների: Բացի Հովհաննես Մարգարյանից ոչ մի պատգամավոր այսօր չցանկացավ մեզ լսել՝ պատճառաբանելով, որ ուշացած են ներս մտնելու Ազգային ժողով»,-ասաց նա:
Նշենք, որ «Դիմավորենք պատգամավորներին Սասնա Ծռերի պահանջներով» նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 13-ին սկսվում է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Նույն օրը, ժամը 11:00-ին հավաքվում ենք Ազգային Ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից և հայտնում մեր համերաշխությունը «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում ենք «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»:













