Ներհայաստանյան կադրային փոփոխությունների մասին հայաստանյան հանրությունը տեղեկանում էր արտերկրյա մամուլից։ Այս մասին սեպտեմբերի 13–ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նաեւ այդ մամուլն է դարձել Ղարաբաղի հարցի մասին տեղեկատվության միակ աղբյուրը։ «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ԱԺ–ն եղել եւ շարունակում է չտեղեկացված մնալ ԼՂ հարցի մասին բանակցային գործընթացից։ Ամռանը ԱԳ նախարարը պետք է հանդիպումներ ունենար ԱԺ Արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի ձեւաչափով, որը, սակայն, շատ կարճ կայացավ եւ, ըստ էության, չկայացավ բովանդակային առումով։ Խոսք եղավ, որ հետո ավելի ընդլայնված ժամանակահատվածով նման հանդիպում տեղի կունենա։ Սակայն ես՝ որպես հանձնաժողովի անդամ, տեղեկություն չունեմ  նման հանդիպման մասին։

ԱԺ–ն Ղարաբաղի հարցում գործընթացից տեղեկություն է ստանում արտերկրյա մամուլից։ Սա պետք է շտկվի։ ԱԺ–ն պետք է տեղեկություն ունենա բանակցային գործընթացի բովանդակության մասին, քանի որ բանակցային գործընթացում նուրբ հարցեր են քննարկվում»,– ասել է Փաշինյանը։