Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի բանակցությունների որեւէ փուլ չի կարող ավարտին հանգել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պատասխանելով NEWS.am –ի թղթակցի այն հարցին, որ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին Ադրբեջանին որոշակի տարածքներ հանձնելն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ու թե ինչ է նշանակում «Ղարաբաղի կարգավիճակ» անորոշ ձեւակերպումը՝ Բաղդասարյանը նշել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի յուրաքանչյուր երկիր բնականաբար պետք է իր տեսակետն արտահայտի: Մենք միանշանակ արտահայտել ենք մեր տեսակետը ու նորից կկրկնենք, այդ մասին նաեւ նախագահն է ասել՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի բանակցային որեւէ փուլ չի կարող ավարտին հանգել: Եվ այս պահին ոչ մի որոշում ու ոչ մի փաստաթուղթ չկա: Դրանք ընդամենը ցանկություններ ու առաջարկներ են: Մենք ունենք մեր առաջարկները, որոնք անընդունելի են Ադրբեջանի համար, ադրբեջանական կողմն էլ ունի իր առաջարկները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: Դեռ որոշակիություն չկա, դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արտահայտած տեսակետներն են»: