ՀՀ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուն։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի ըստ օրենսդրության: Եթե նա ունի վստահության ռեսուրս, որեւէ մեկը խնդիր չի դնում, որովհետեւ, վերջիվերջո, տնտեսական քաղաքականությունը ձեւավորվում է քաղաքական մեծամասնության շրջանակներում»,-ասել է Վարդան Այվազյանը։
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարությանը՝ նա նշել է, որ նախկին վարչապետը չի ձախողել, նրա օրոք թեկուզ ցածր, սակայն աճ է արձանագրվել. «Համամիտ չեմ էն կարծիքների հետ, որ ձախողել է, պարզապես կարող է՝ որոշակի տեմպերի եւ փոփոխությունների անհրաժեշություն կա , որ բերեց դրան: Կհարցնեք՝ կառավարությունն արդյոք ձախողե՞լ է, միանշանակ՝ ոչ: Անհրաժեշտ է եղել փոփոխություն, արվել է: Ինչպիսի՞ն կլինի կառավարության գործունեության ծրագիրը, սպասեք՝ կտեսնեք: Դուք ինչի՞ եք ուզում՝ ես բախտագուշակի պես խոսեմ»:
Թե ինչու կառավարությունը փոխվեց այս փուլում, Վարդան Այվազյանն ասել է, որ հազար պատճառ կարող են մտածել. «Կարող է տեմպերը չեն բավարարել, հնարավոր է, համենայնդեպս, կարող է ապրիլյան ու հուլիսյան գործընթացներից հետո խնդիր է դրվել փոփոխության առումով»,-ասել է պատգամավորը։











