Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին լայն ազատություն է տրամադրվելու, թե՛ կադրային քաղաքականությունում, թե՛ նոր Կառավարության ծրագրի մշակման հարցում: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ նրան վարչապետ նշանակելու մասին նախագահի հրամանի կապակցությամբ: «Մենք դեռ քննարկումներ չենք անցկացրել Կառավարության նոր կազմի վերաբերյալ: Հարցը քննարկումների փուլում է»,- հավելել է Բաղդասարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե որն էր Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողումը, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց «Այդ թեմային մենք արդեն անդրադարձել ենք. Դա Հովիկ Աբրահամյանի ինքնագնահատականն է՝ նա դժգոհ էր իր աշխատանքի տեմպերից ու ծրագրերից, որոնք դրել էր ինքն իր ու իր կառավարության առաջ: Իհարկե նա բավականին մեծ աշխատանք է արել այս 2 տարիների ու 8 ամիսների ընթացքում: Այդուհանդերձ, դա չէր բավարարում վարչապետին ու նա դիմել է Սերժ Սարգսյանին իր հրաժարականի մասին խնդրանքով»:











