Հովիկ Աբրահամյանը կառավարությունը իր հոր տնից չի բերել , դա «Հանրապետական» կուսակցության կառավարությունն է եղել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեռքբերումների, թերացումների, բացթողումների, առավելությունների պատասխանատուն Հայաստանի Հանրապետական կուսակցություն քաղաքական ուժն է»,-ասել է նա։
«Վարչապետի ելույթից ես հասկացա, որ հրաժարականը պետության համար անհրաժեշտություն է, եւ ինքը, որպես պետական գործիչ, գնաց այդ քայլին։ Մենք ողջունում ենք իր պետականամետ դիրքորոշումը, որով նա օրինակ ծառայեց ապագա եւ ներկա մի շարք պաշտոնյաների համար, որ եթե կա պետական շահ, չպետք է վերմակը գցես միայն քո վրա»,-ասել է Շարմազանովը։
Հարցին, թե քանի որ պետականամետ քայլ է որակում վարչապետի հրաժարականը, արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ Աբրահամյանի հրաժարական չտալու դեպքում, նրա կառավարումը պարզապես կլիներ հակապետական քայլ, Շարմազանովը պատսխանել է․ «Հովիկ Աբրահամյանի գործունեությունը դրական եմ գնահատում: Նախկին կառավարությունը մինիմումի է հասցրել այն վտանգները, որի առջեւ կանգնած էր Հայաստանը»։











