«Սասնա ծռերի» անդամները կարծում են, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այն մարդը չէ, որը կկարողանա երկիրը դուրս բերել տնտեսական եւ քաղաքական կոլապսից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։
«Եթե «Սասնա ծռեր» խմբի գործողությունները չլինեին, կառավարության փոփոխությունը կարող էր մինչեւ 2017թ. երկարաձգվել, կամ էլ ընդհանրապես փոփոխություն չլիներ։ Պետք է հաշվի առնել, որ հենց այս պահին կառավարության հրաժարական տեղի ունեցավ, որպեսզի ցույց տան, թե իբր տեսեք իրականացվում է «Սասնա ծռեր» խմբի պահանջներից գոնե մեկը։ Սա տեսական փոփոխություն է, սա ռեալ չէ, որովհետեւ «Սասնա ծռերի» պահանջը ժողովրդի վստահության համաձայնության կառավարության ձեւավորումն էր, որի մեջ կներառվեին այնպիսի քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք կմտածոին երկրի քաղաքականության եւ տնտեսության մասին, իսկ «Սասնա ծռերի» անդամները կարծում են, որ Կարեն Կարապետյանը չի կարողանա երկիրը դուրս բերել քաղաքական եւ տնտեսական կոլապսից»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործողություններն ուղղված են եղել նաեւ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների անգործության դեմ։
«Թե ազգային Ժողովի պատգամավորները, թե նախարարները որեւէ գործողություն, որեւէ ներդրում Հայաստանի պետական քաղաքական կյանքում չեն արել։ Հարցն այն չէ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն անպայման ուզում են, որ իրենց վերաբերյալ որոշում ընդունի Ազգային Ժողովը, նրանք միայն ուզում են իմանալ, երբ իրենք այս քաղաքական պրոցեսները բարձրացրին՝ ընդհանրապես Ազգային Ժողովում դա քննարկվել է, թե ոչ։ Այսինքն՝ Ազգային Ժողովի պատգամավորները պատկերացնու՞մ են, որ իրենց անգործության արդյունքում է, որ տեղի է ունեցել այս զինված ապստամբությունը։ Եթե Ազգային Ժողովի պատգամավորները կարողանային ժամանակին տարածքների հանձնման վերաբերյալ կոնկրետ քննարկումներ կազմակերպել եւ տարածքների հանձնման հարցը փակեին այնպես, որ հանկարծ երկրորդ անգամ այդ հարցը չբարձրանար, միգուցե «Սասնա ծռերը» չդիմեին այդ քայլին, որովհետեւ իրենց հիմնական պահանջն այն էր, որ իրենց ու հարազատների թափած արյունով ձեռքբերված տարածքները չհանձնվեն։ «Սասնա ծռերի» գործողություններն ողղված են եղել թե կառավարության, եւ թե Ազգային ժողովի պատգամավորների դեմ՝ անգործության առումով»,–ասաց նա։











