Արմատական փոփոխություններ են սպասվում ոչ միայն Կառավարության կազմում, այլեւ տարբեր համակարգերում՝ ընդհուպ մինչեւ դատաիրավական համակարգ: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով այն հարցին, արդյոք ինքը հնարավոր է համարում ԲՀԿ, ՀԱԿ կամ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների ներառումը Ազգային համաձայնության կառավարության կազմում, պատգամավորը նշել է. «Մենք բոլորի՛ն ենք տեսնում Ազգային համաձայնության կառավարությունում: Կարծում եմ, որ այդ մասին ճիշտ կլինի խոսել 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո»: Այն ճշգրտող հարցին՝ արդյոք Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում նաեւ 2017-ի ընտրություններից հետո, Բաղդասարյանը պատասխանել է. «Կարեն Կարապետյանը կաշխատի, կտրվեն գնահատականներ, հասարակությունը կգնահատի նրա աշխատանքը, կտեսնենք»:

Խոսելով այն խնդիրների մասին, որը իշխող կուսակցությունը դրել է նորանշանակ վարչապետի առաջ, Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Ինձ թվում է , նա արդեն այդ մասին հայտնել է իր ծրագրային դրույթներում: Նրա ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Եթե նույնիսկ դրվեն ինչ-ինչ պահանջներ, ապա մենք պետք է համապատասխան ռեսուրսներ ու հնարավորություններ ունենանք դրանք կատարելու համար: Բնականաբար մենք կքննարկենք այն ծրագրային դրույթները , որոնք պետք է ներկայացնի վարչապետը, ու այդ քննարկման արդյունքում համապատասխան պահանջներ կդրվեն»:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերի հետագա ճակատագրին՝ Վահրամ ԲԱղդասարյանը ասաց. «Մեզ համար չկա նման հասկացություն՝ այս կամ այն մարդու կադր: Նրանք բոլորը Կառավարության անդամներ են: Բնականաբար մենք ասացինք, որ կլինեն արմատական փոփոխություններ, ընդ որում ոչ միայն Կառավարության կազմում, այլեւ տարբեր համակարգերում, ընդհուպ մինչեւ փոփոխություններ դատաիրավական համակարգում: Պետք չէ իրադարձություններից առաջ անցել, համբերե՛ք, մի քանի օրից ամեն ինչ պարզ կդառնա»: