Հայաստանի Ազգային ժողովն առայսօր չի ստացել սպառիչ բացատրություններ, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հայտնել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:

 Զոհրաբյանի խոսքով գլխավոր դատախազին ու նրա ծրագիրը պատգամավորներն են հաստատում: Դրա համար էլ նրանք պետք է իմանան, թե ինչու է վերջինը հեռացել, իսկ նրա ծրագիրը, որի օգտին նա խնդրել էր քվեարկել, մնացել չիրագործված: «Իսկ մենք ստիպված ենք սուրճի բաժակ նայելով գուշակություններ անել կամ մեկնաբանել մամուլի բամբասանքները: Հիվանդ է, հիվանդ չէ: Կամ էլ Վրաստանում դեսպան կուղարկեն, թե՞ չեն ուղարկի: Կամ էլ չի ցանկացել «ահաբեկիչ» անվանել «Սասնա ծռերի» անդամներին: Որտեղի՞ց իմանանք, որ Դուք էլ մի օր չեք անհետանա: Գուցե արյան բարձր ճնշման կամ վատ տամադրության պատճառով»,- ասել է Նաիրիա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական էր տվել օգոստոսի 4-ին: