Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե արդյոք գլխավոր դատախազի թեկնածուի կարծիքով, Հայաստանում կան քաղաքական չբանտարկյալներ, թե ոչ:

«Հայաստանում կա՞ն քաղաքական չբանտարկյալներ, այսինքն մարդ, որը քրեական հետապնդման չի ենթարկվում քաղաքական պատճառներով, օրինակ, Սերժ Սարգսյանին տարբեր ծառայություններ է մատուցել կամ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ: Առավոտյան երբ այստեղ նստած էիք, դահլիճում չնկատեցի՞ք այդպիսի դեմքերի: Մասնավորապես, «Հարսնաքարի» գործով նման մարդկանց հետ առնչություն ունեցել ե՞ք, թե՞ ոչ»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Արթուր Դավթյանին:

Գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ ավելի հրապարակային աշխատել՝ նշելով, որ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն հայտնել է:

Նիկոլ Փաշինյանն Արթուր Դավթյանից հետաքրքրվեց նաեւ՝ արդյոք իր աշխատասենյակում կախելու է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ օրեր առաջ ինքը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում հենց Սերժ Սարգսյանի լուսանկարն էր տեսել եւ զարմացել. «Սա այն դեպքում, որ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է համարվում: Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ գլխավոր դատախազությունն անկախ մարմին է: Դուք պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի լուսանկարը կախել ձեր աշխատասենյակում»:

Արթուր Դավթյանը նշեց, որ գլխավոր դատախազի աշխատասենյակում արդեն իսկ փակցված է Հանրապետության նախագահի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն ընտրվելու դեպքում կփոխարինի Գեւորգ Կոստանյանին, որը հրաժարական էր ներկայացրել օգոստոսին՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի:

«Գլխավոր դատախազը հրաժարական տվեց՝ առողջական խնդիրները պատճառ բերելով: Ձեր առողջական վիճակը ո՞նց է: Կարո՞ղ է այնպես ստացվի, որ Դուք նույնպես առողջական խնդիրներ ունենաք եւ պետք է հրաժարական տաք: Նշեմ, որ Գեւորգ Կոստանյանն ակտիվ այցելում էր մարզադահլիճներ, սակայն սա նրան չփրկեց»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց, որ ինքն առողջ է եւ աշխատելու է, որ առողջ մնա ու իր պարտականություններն իրականացնի: