Հայաստանի Գլխավոր դատախազությունը կձեռնարկի քայլեր, որպեսզի լրագրողների վրա հարձակումներ կատարողներն ու հավանական կազմակերպիչները պատժվեն: Այս մասին ԱԺ-ում սեպտեմբերի 13-ին ասել է գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու Արթուր Դավթյանը, խոսելով Սարի Թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած բախումների մասին:
Քրեական գործը հարուցված է, Գլխավոր դատախազությունը դրան մասնակցել է: Լրագրողների վրա հարձակումների մասին գործերը միավորվել են: «Կարող եմ վստահեցնել ձեզ՝ օբյեկտիվ իրավական գնահատականներ կտրվե՛ն: Մեր ունեցած տեղեկություններով մենք մեղադրանքներ կառաջադրենք հարձակումների թե՛ կատարողներին, թե՛ հնարավոր կազմակերպիչներին»,- նշել է Դավթյանը :











