Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի շտապում կարծիք հայտնել նոր վարչապետ Կարեն Կարապետյանի մասին:
«Թող աշխատի, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ կլինի, որից հետո կարծիքս կասեմ: Ամեն դեպքում այնտեղ, որտեղ ինքն աշխատել է, լավ է աշխատել: Չգիտեմ` Կարեն Կարապետյանին կթողնեն աշխատել, թե ոչ»,- այսօր` սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոնե բացասական որոշումներ չի կայացրել, ինչպես որ Տիգրան Սարգսյանն է արել. «Մարդկանց վարկի տակ գցեց, բոլորը վարկեր, պարտքեր ունեն... Հովիկ Աբրահամյանը ոչ մի բացասական որոշում չկայացրեց, ինչը որ Տիգրան Սարգսյանն արեց»:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին:











