Դատախազական պաշտոնը կոռուպցիոն եղանակներով լավ վաստակելու մեխանիզմ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոքով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը օգոստոսին հրաժարական տվեց, եւ որպես դրա պաշտոնական պատճառ ներկայացվեց առողջական խնդիրները. «Հանրությունը կասկածներով վերաբերվեց այդ հիմնավորմանը։ Գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը մի տողով բացատրելը անհասկանելի է։ Եթե ասում ես առողջական խնդիր ունի, ապա պետք է հստակեցնես։ Ատամի ցավն էլ է առողջական խնդիր։ Ատամը ցավում էր, դրա համար հեռացա՞վ։ Հանրությունը պետք է իմանա, թե այդ առողջական խնդիրը կարող էր արդյոք ազդել նրա ադեկվատության վրա, նրա կայացրած որոշումների վրա»:

Փաշինյանը նշեց, որ մամուլում կա վարկած որ Կոստանյանը պաշտոնանկ է արվել ՊՆ մատակարարումների հետ կապված գործի կոնտեքստում։ Քանի որ նրա ստացած կոռուպցիոն եկամուտները հավասարաչափ չեն բաշխվել վերնախավի միջեւ։ «Մամուլը հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին  2.5 մլն դոլարի մատակարարում է իրականցրել Առողջապահության նախարարությանը չափազանցված գներով։ Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ է։ Դատախազական պաշտոնը ահա այսպիսի կոռուպցիոն եղանակներով լավ մեխանիզմ է։ Մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում է Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովանյանի գործը, որին 2013-ին գտել էին կախված վիճակում, որին նախորդ օրերին նրա գործատուները նրա ծեծել էին։ Բայց մինչեւ հիմա ոչ մի մարդ քրեական պատասխանատվություն չի ենթարկվել։ Եթե այս մարդու հարազատները մտնեն գրավեն Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն, պիտի ասեք ահաբեկչություն է չէ՞»,– ասաց Փաշինյանը։